Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խմբի այցը Շիրակի մարզ
15.04.2024

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խմբի այցը Շիրակի մարզ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ։
Բացի ջրամբարաշինության, խմելու ջրի ջրամատակարարման, ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերից հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում հիմնովին կառուցվում և վերակառուցվում են նաև դպրոցներ ու մանկապարտեզներ։
Աշխատանքային խմբի առաջին կանգառը Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցն էր։ Այն կառուցվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Շենքը կունենա ոչ միայն հարմարավետ դասարաններ, այլև հարմարեցված լաբորատորիաներ, հանդիսությունների սրահ, ճաշարան։ Հետևելով ընթացող ակտիվ աշխատանքներին՝ հիմնադրամի տնօրենը շինարարների բարձրացրած խնդիրներին տեղում տվել է լուծումներ։ Սարգիս Բաղինյանը հորդորել է շինարարներին խիստ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքների որակին, աշխատանքների սահմանված ժամկետներին, ինչպես նաև ժամկետները չխախտելու նպատակով հավելյալ աշխատուժ ներգրավել, քանի որ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չկան։
Հաջորդ կանգառը Ազատանի միջնակարգ դպրոցում էր։ Այստեղ հիմնադրամի պատվիրատվությամբ վերակառուցվում է դպրոցի նախկին շենքն ու հիմնովին կառուցվում է ևս մեկ մասնաշենք, որտեղ արդեն ներքին հարդարման աշխատանքներ են ընթանում։ Աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության և Ասիական բանկի համաֆինանսավորմամբ։ Այստեղ ևս հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը շինարարաների բարձրացրած խնդիրներին տեղում տվել է լուծումներ։ Տեխհսկողներին և շինարարներին հորդորել է խստագույնս հետևել որակին, աշխատանքները ժամանակին ավարտելու նպատակով ներգրավել նոր աշխատողներ։
Այնուհետև աշխատանքային խումբն այցելել է Հոռոմ բնակավայրի և Գյումրիի <<Զանգակ>> մանկապարտեզներ, որոնք կառուցվում են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի  համաֆինանասավորմամբ։ Մանկապարտեզների շինաշխատանքները գրեթե ավարտված են և մոտ ապագայում շենքերը կհանձնվեն շահագործման։ Յուրաքանչյուր մանկապարտեզ նախատեսված է 75 սանի համար։