29.10.2026
Աշխատանքային շրջայց Արագածոտնի և Շիրակի մարզերի կառուցվող դպրոցների շինհրապարակներ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խումբն այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր։ Այս մարզերում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակում իրականացվում է ավելի քան հինգ տասնյակ շինարարական ծրագիր, որոնցում ներառված են կառուցվող դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային ամբուլատորիաներ, ինչպես նաև դպրոցների վերանորոգում։
Պետական ներդրումը կազմում է ավելի քան 61 միլիարդ դրամ։
Հիմնադրամի պատվիրատվությամբ Աշտարակ խոշորացված համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում կառուցվում է միջնակարգ դպրոց։ Այն նախատեսված է 288 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 3 միլիարդ 377 միլիոն դրամ։
Մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղադիր բնակավայրն էլ շուտով կունենա նոր մանկապարտեզ` նախատեսված 75 սանի համար։ Բարեկարգ պայմաններով նոր շենքի կառուցման պետական ներդրումը կազմում է ավելի քան 376 միլիոն 365 հազար դրամ։
ՀՏԶՀ աշխատանքային խմբի հաջորդ կանգառը Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Գետափ բնակավայրի նորակառույց կրթահամալիրի շինհրապարակում էր։ Կրթահամալիրը նախատեսված է դպրոցի 144 աշակերտի և մանկապարտեզի 44 սանի համար։ Նոր կրթօջախի կառուցման համար պետական միջոցներից հատկացվել է ավելի քան 1 միլիարդ 826 միլիոն դրամ։
Արթիկ խոշորացված համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրում ևս մեկ միջնակարգ դպրոց է կառուցվում` նախատեսված 288 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 819 միլիոն դրամ։
Պետական ծրագրով նոր կրթահամալիր է կառուցվում նաև Աշոցք խոշորացված համայնքի Բավրա բնակավայրում։ Կրթահամալիրը նախատեսված է դպրոցի 144 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 725 միլիոն դրամ։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանը շինարարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ շինաշխատանքները պետք է կատարվեն պահանջվող ժամկետում և առանց որակական շեղումների, իսկ ժամկետների խախտումներից խուսափելու համար շինհրապարակներում անհրաժեշտության դեպքում պետք է ավելացնել աշխատուժը։