Արարատի մարզում շարունակվում են ՀՏԶՀ աշխատանքային խմբերի այցերը
13.03.2026

Արարատի մարզում շարունակվում են ՀՏԶՀ աշխատանքային խմբերի այցերը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) աշխատանքային խումբը, հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շարունակել է այցերը Արարատի մարզում ՀՀ կառավարության <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրում ընդգրկված նորակառույց և վերանորոգվող դպրոցների շինհրապարակներ։ Մասնավորապես Վեդի համայնքում ՀՏԶՀ պատվիրատվությամբ պետբյուջեի միջոցներով կառուցվում է 432 աշակերտի համար նոր դպրոց։ Պետական ներդրումը կազմում է 2 միլիարդ 189 միլիոն 647 հազար դրամ։ ️️Մարզի մոտ երկու տասնյակի հասնող կառուցվող և վերանորոգվող դպրոցների  թվում է նաև Պարույր Սևակ բնակավայրի արդեն իսկ ավարտված նորակառույց կրթահամալիրը, որտեղ ժամանակակից կրթական չափորոշիչներով ու նոր պայմաններում ուսում կստանա 144 աշակերտ և նախակրթարանի 40 սան։ Կրթահամալիրը կառուցվել է պետբյուջեի միջոցներով, պետական ներդրումը կազմել է 1 միլիարդ 700 միլիոն դրամ։ Դարակերտ բնակավայրում էլ վերանորոգվում է գյուղի դպրոցը։ Աշակերտների թիվը` 329։ Պետբյուջեից հատկացվել է 240 միլիոն դրամ։ ՀՏԶՀ աշխատանքային խմբի հաջորդ կանգառը Հովտաշատի նորակառույց միջնակարգ դպրոցի շինհրապարակն էր։ Այստեղ ակտիվ փուլում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։ Դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար։ Պետբյուջեի և Ասիական բանկի ներդրումը կազմում է 2 միլիարդ 115 միլիոն դրամ։ Սիփանիկում այս պահին վերանորոգվում է գյուղի միջնակարգ դպրոցը, որը նախատեսված է 111 աշակերտի համար։ Վերանորոգման աշխատանքների համար կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 160 միլիոն դրամ։ Հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ Արարատի մարզ աշխատանքային խմբի այցի ընթացքում շինարարներին հուզող մի շարք հարցեր տեղում ստացել են իրենց լուծումները։