04.03.2026
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՏԶՀ-ում
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ), խորհրդակցություն անցկացրել տնօրինության և աշխատակիցների հետ։
Ողջունելով փոխվարչապետի այցը հիմնադրամ՝ ՀՏԶՀ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանն ամփոփ ներկայացրել է վերջին տարիներին կառույցի կողմից դպրոցաշինության, մանկապարտեզաշինության, առողջապահության, ջրային և տուրիզմի ոլորտներում իրականացված ծրագրերն ու գրանցված արդյունքները, որոնք ծանրակշիռ նշանակություն են ունեցել ոլորտային ենթակառուցվածքների զարգացման գործում։ Նա իր խոսքում վստահեցրել է, որ հիմնադրամը պատրաստ է նույն պատասխանատվությամբ շարունակել իր գործունեությունը՝ ձգտելով առավել բարձր ցուցանիշների։ Սարգիս Բաղինյանը նաև անդրադարձել է դեռևս 2025–ի մայիսին ՀՏԶՀ կազմում նորաստեղծ որակի տեխնիկական հսկողության վարչության գուրծունեությանը, որը կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունքներ է գրանցել մասնագիտական գործունեության ապահովման հարցում։ Բացի այդ, նոր վարչության ստեղծումով հնարավոր է եղել 1․1 միլիարդ դրամով տնտեսել պետական միջոցները։ Տեխհսկողության վարչության ստեղծումով հնարավոր է եղել նաև արխիվացնել կառուցվող օբյեկտների աշխատանքային գործընթացն ու ստեղծել շինարարական օբյեկտների պատմություն։
Կարևորելով ՀՏԶՀ-ի դերակատարումը շինարարության ոլորտում իրականացվող ծրագրերի հարցում՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը գոհունակությամբ արձանագրել է, որ կառույցը տարեցտարի բարելավել է կատարողական ցուցանիշները և իր ձեռնարկներով միշտ մեկ քայլ առաջ է գտնվել։ Փոխվարչապետը նշել է, որ հիմնադրամին վստահված աշխատանքների ծավալը զգալիորեն ավելացել է, ինչը չպետք է ազդի կատարվող աշխատանքների որակի վրա։ Կատարված աշխատանքների համար փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՏԶՀ ղեկավար կազմին և աշխատակիցներին՝ հորդորելով նույն պատասխանատվությամբ շարունակել ապահովել հիմնադրամին վերապահված գործառույթները։ Տիգրան Խաչատրյանը ևս անդրադարձել է տեխհսկողության արխիվացմանը գործընթացին, այն գնահատելով որպես նոր աշխատաոճ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պատասխանել է նաև հիմնադրամի ճարտարագետներին հուզող հարցերին։