12.03.2026
Մեկնարկել են ՀՏԶՀ աշխատանքային խմբերի շրջայցերը դպրոցների շինհրապարակներ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը, հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ այցելել է Արարատի մարզ, որտեղ շինարարական ակտիվ փուլում են ՀՀ կառավարության <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրում ընդգրկված մարզի մոտ երկու տասնյակի հասնող կառուցվող և վերանորոգվող դպրոցների շինաշխատանքները։ Մարզում զուգահեռ կառուցվում են նաև համայնքային ամբուլատորիաներ։ Այս պահին Արարատի մարզում 19 շինարարական օբյեկտում ակտիվ աշխատանքներ են ընթանում, որից 14-ը դպրոց է, 5-ը` բուժամբուլատորիա։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը շինարարների հետ հանդիպման ժամանակ հորդորեց հետագայում ժամկետների խախտումներից խուսափելու նպատակով կարճ ժամկետում շինհրապարակներում ավելացնել աշխատողների թիվը, ծագած խնդիրներին ժամանակին լուծում տալու համար անմիջապես տեղյակ պահել ծրագրերի պատասխանատու ճարտարագետներին։ <<Փորձը ցույց է տվել, որ հիմնադրամ-կապալառու համակարգված աշխատանքի արդյունքում շատ հարցեր նույնիսկ տեղում են լուծում ստանում>>,- նշեց հիմնադրամի տնօրենը` հավելելով, որ պատվիրատու կառույցը ցանկացած պահի պատրաստ է կանգնել շինարարի կողքին։
Շինարարական աշխատանքների ավարտին հիմնովին կառուցված և վերանորոգված դպրոցներ կհաճախի մոտ 5000 աշակերտ։